ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանի Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքից:
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ և ճեպազրույցներ կունենան:
«Չեմ կարող չընդգծել, թե երկրի համար ինչ կարևորություն ունի ժողովրդի վստահությունը վայելող ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Որպես դիտորդներ՝ մեր նպատակն է հասկանալ, թե արդյոք ընտրություններն իրականացվում են Հայաստանի ժողովրդավարական հանձնառություններին համապատասխան»,- ասել է Օսուսկին:
ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:
1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:
Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները: