Տարերային աղետների դեմ պայքարում բոլորը պետք է համախմբվեն: Այս մասին «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը, հայտնում է News.am-ը:
Նա նշել է, որ դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանը կհիշի Սպիտակի երկրաշարժի զոհերին. 25 հազար զոհ և 1,5 միլիոն անօթևաններ:
«Պատճառների և հետևանքների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդքան շատ զոհերից հնարավոր էր խուսափել, իսկ պատճառը գիտելիքների և գիտական հետազոտությունների պակասն էր:
Իմ հարազատ Կալիֆոռնիայում Սպիտակի երկրաշարժից 10 ամիս անց գրեթե նույն ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: 70 մարդ մահացավ: Ճիշտ է՝ տարբերություն կար. էպիկենտրոնը քաղաքի կենտրոնում չէր և օրվա այլ ժամ էր: Բայց իրական պատճառը բնակելի և հասարակական նշանակության շենքերի ամրության ցածր աստիճանն էր», - ասել է նա:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԻՆ-ի և այլ կառույցների հետ մշտական համագործակցության կարևորությունը տարերային աղետների հետևանքների կրճատման հարցում:
«ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել և հնարավորինս աջակցել Հայաստանի կառավարությանը օրենսդրության և ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ», - ասել է Շոմբի Շարփը: