Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Նա նշեց, որ այս պահին դեպքի վայր է ուղևորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Պատահարի հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը: