Չնայած համաշխարհային հանրությունում առկա աշխարհաքաղաքական լարվածությանն ու գլոբալ տնտեսական անհամաձայնություններին` «Մեծ քսանյակի» երկրների հանդիպումն ամփոփվեց համատեղ հռչակագրի ընդունմամբ:
Հռչակագիրը որքան էլ անսպասելի լիներ, նույնքան էլ անհրաժեշտ էր: Այս իմաստով G20 հանդիպումը կարելի է համարել առարկայական՝ ի դեմս հռչակագրի ու երկրների ղեկավարների տարբեր երկկողմ հանդիպումների:
Պետք է նշել, որ «Մեծ քսանյակի» երկրների գագաթաժողովի հիմնական թեմաներն են եղել աշխատանքի շուկայի աջակցությունը, ենթակառուցվածքների զարգացումը, սպառողական շուկայի հետ կապված հարցերը, միգրացիան, ինչպես նաև գենդերային հավասարությունը և այլն: Պետք է նշել, որ հռչակագրում միգրացիայի հարցի ներառման առաջարկը եղել է Իսպանիայի կողմից, որը «Մեծ քսանյակի» երկիր չէ, բայց առաջին անգամ մասնակցել է գագաթաժողովին մշտական հյուրի կարգավիճակով:
Հռչակագրում, ի թիվս քննարկված հարցերի, տեղ են գտել նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Առևտրի համշխարհային կազմակերպությունում ու Արժույթի միջազգային հիմնադրամում բարեփոխումների անցկացումը, պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ, կանանց նկատմամբ խտրականության վերացումը, կոռուպցիայի դեմ պայքարը:
Կլիմայական փոփոխությունների մասով հռչակագրով հաստատվեց երկրների հավատարմությունն այս ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրմանը, բայց մյուս կողմից վերահաստատվեց այդ ձևաչափից ԱՄՆ հեռանալու հարցը:
Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխումների հարցն այն սակավաթիվ հարցերից էր, որի հետ համաձայն էր գագաթաժողովի մասնակից երկրների մեծ մասը: Ինչպես նշել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, ԱՀԿ վաղուց չի կարողանում լիարժեք լուծումներ տալ առևտրային առկա կոնֆլիկտներին: Սպասվում է, որ ԱՀԿ բարեփոխումների հստակեցված փաթեթը կքննարկվի հաջորդ տարվա հունիսին սպասվող G20 հանդիպմանը:
Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամին, ապա խնդիրը դիտարկվում է հիմնադրամի ռեսուրսների ավելացման շրջանակում: Հռչակագրում նշվում է, որ հիմնադրամը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա երկրների քաղաքականությունների վրա, հատկապես այն հարցերում, որոնք կրում են սահմանափակող բնույթ:
Հռչակագրում տեղ գտած համաշխարհային հնչեղության հարցերից է միգրացիան: Ամփոփիչ փաստաթղթում կոչ է արվում անդամ երկրներին ուսումնասիրել, վեր հանել ու լուծել միգրացիոն հոսքերի առաջացման պատճառ-խնդիրները:
Հռչակագրում նշված է նաև երկրների կողմից համապատասխան քաղաքականության իրականացումը՝ տնտեսական աճի և արժույթների փոխարժեքների կայունության ապահովման մասով: Խոսքը, մասնավորապես, համապատասխան հարկային քաղաքականության գործիքակազմի կիրառման մասին է:
Հռչակագրի անհրաժեշտությունն ընդգծվում է ինչպես այն տեսակյունից, որ առաջատար խաղացողների մոտ որոշակի համաձանություն կա, այնպես էլ ընդգրկված հարցերի կարևորության տեսանկյունից: Օրինակ, այն, որ ահաբեկչությունն ու կոռուպցիան հիշատակված են փաստաթղթում, որոշակի զգոնության կոչ կարող է հանդիսանալ առ այն, որ առաջատար պետությունների կողմից կա միասնական, փոխլրացնող պայքար այդ հանցագործությունների դեմ: