ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:
Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:
Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն»,-ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: