Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշքաջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին: Այս մասին, Արմենպրես-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդականն է գլխավորել ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը:
Իսկ Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալն էլ այն անձն է, ով իր երկրի իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների վարկածի համաձայն՝ Խաշքաջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի կողմից պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման և իշխանությունների հրամանը սխալ կատարելու հետևանքով: Իսկ ըստ թուրքական ոստիկանության վարկածի` լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում:
Լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 18 անձ: