ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Tert.am-ի խնդրանքով պատասխանել է այն հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։
«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու, քանի որ Հայաստանն է դրա համար դիմել։
Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել էր՝ ասելով. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»: