Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին, ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում, հայտարարել է, որ Ֆրանսիայում ամբողջ հաջորդ տարվա ընթացքում վառելիքի հարկը չի բարձրացվի:
«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար», - aysor.am-ի փոխանցմամբ՝ նշել է բնապահպանության նախարարը:
Երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել էր այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում է ի պատասխան «դեղին բաճկոնների» շարժման պահանջների: Նա տեղեկացրել էր, որ 6 ամսով հետաձգվում է բենզինի և դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ է հայտարարվում ավտոմեքենաների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը և ժամանակավորապես սառեցվում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, չորեքշաբթի հավանություն է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է հայտնի արդեն Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը: