«Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներմուծել երկրորդ ուղղաթիռը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը` առաջարկելով այդ նպատակով ընկերության համար սահմանել ներմուծման արտոնյալ պայմաններ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ նոր ուղղաթիռն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում և լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման ու նոր աշխատատեղերի ստեղծման համար:
«Այս ընկերությունն արդեն իրականացրել է 1.5 մլրդ դրամի ներդրումներ: Նախատեսվում է իրականացնել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծված են 13 աշխատատեղեր, դրանց թիվը կավելանա 3-ով` 600 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը: Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ընկերությունը ևս 2 ուղղաթիռ է նախատեսում ներմուծել Հայաստան առաջիկայում: