Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է Aysor.am-ը:
Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:
Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:
Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: