Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից գազի գնի շուրջ հրապարակային վեճի համար, որը նա էր սկսել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բելառուսի նախագահի խոսքով` Պուտինի հետ քննարկման ժամանակ նա իրեն ոչ կոռեկտ է պահել:
«Դրանից հետո ես ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը հյուրընկալողից: Բացատրությունը շատ բուռն է եղել, բայց դուք ավելի լավ է չիմանաք այդ մասին», - հավելել է Լուկաշենկոն:
Նշենք, որ Լուկաշենկոն ասել էր, թե ռուսական գազի փոխադրման արժեքը բավականին բարձր է։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահն առաջարկել էր բանավիճել առանց մամուլի։
Միաժամանակ, Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տարի Բելառուսի համար ռուսական գազի գինը 129 դոլար է եղել՝ 1000 խ/մ-ի համար, իսկ 2019թ․-ին կլինի 127 դոլար, այն դեպքում, երբ Գերմանիան վճարելու է 250 դոլար։