ՀԱՊԿ երկրների առաջնորդները դեռևս չեն լուծել կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը:
«Ոչ, հարցը չի լուծվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ այդ թեման կազմակերպության անդամ երկրների ղեկավարների կողմից դեկտեմբերի 6-ին քննարկվել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ կայացել է ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթաժողովները:
Պեսկովի խոսքերով` Լուկաշենկոն նախաձեռնել է այդ թեմայի քննարկումը ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ` չնայած այդ հարցը չէր մտնում օրակարգի մեջ: «Դա միանգամայն նորմալ պրակտիկա է. ցանկացած պետության ղեկավարը կարող է անդրադառնալ հարցերի, որոնք ինքը համարում է անհրաժեշտ», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Սակայն, նրա խոսքերով, բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրների ղեկավարներն էին ներկա: Այդ թեմայով խոսակացությունը շարունակվել է նաև ԱՊՀ գագաթաժողովին:
«Աշխատանքը կշարունակվի», - եզրափակել է Պեսկովը: