2018թ. դեկտեմբերի 7-ին, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Սփրինգդեյլս դպրոցում հանդիսավոր կերպով նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը:
Միջոցառման կազմակերպիչներն էին՝ Հնդկաստանում ՀՀ դեսպանատունը, Դելիի Հայկական մշակութային կենտրոնը և Սփրինգդեյլս դպրոցը, որը համարվում է երկրի մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկը:
Իսկ ինչո՞ւ հենց այս դպրոցում:
Բանն այն է, որ վերջերս պարզվեց, որ 30 տարի առաջ, հնդկական մի քանի այլ դպրոցների հետ միասին, այս դպրոցի աշակերտներն օգնություն են ուղարկել Հայաստան՝ երկրաշարժից տուժած իրենց հասակակիցներին:
Դպրոցի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, ուսուցիչներով և հյուրերով, որոնց թվում էին Դելիի հայ համայնքի անդամները:
Բացման խոսքով հանդես եկավ Սփրինգդեյլս դպրոցների ցանցի գլխավոր տնօրեն Դր. Ջյոտի Բոսը, որը հեռավոր 1988-ին էլ էր տնօրենը և իր հիշողությունները պատմեց այդ օրերի մասին: Իրենք միայն այդ ժամանակ լսեցին Խորհրդային Միության կազմում գտնող փոքրիկ Հայաստանի անունը և չկարողացան անտարբեր մնալ պատահած դժբախտության նկատմամբ:
Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ չնայած այն ժամանակ Հնդկաստանի ՀՆԱ-ն 20 անգամ քիչ էր Խորհրդային Միության ՀՆԱ-ից, սակայն այդ երկիրը Հայաստան ուղարկեց երեք ինքնաթիռ հումանիտար օգնություն:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Բաբուն: Նա իր հուզիչ խոսքում պատմեց, որ 1988-ին նա աշխատում էր Հնդկաստանի ԱԳՆ Խորհրդային Միության բաժնում, և նրան էր հանձնարարվել կոորդինացնել աղետի գոտի ուղարկվող օգնության աշխատանքները: Սփրինգդեյլս դպրոցի և նրա տնօրենի բեղուն գործունեության մասին խոսեց Հայկական մշակութային կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր, Պադմաշրի մրցանակակիր (Հնդկաստանի Հանրապետության չորրորդ բարձրագույն քաղաքացիական մրցանակն է), Հնդկաստանի երեք նախագահների անձնական բժիշկ Մոհսին Վալին:
Այնուհետև Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար, Հնդկաստանի նախագահի կլինիկայի սրտաբան Գայանե Մովսիսյանը լսարանին ներկայացրեց Հայաստանը, նրա մշակույթը, ինչպես նաև հայ-հնդկական կապերը՝ նշելով Հնդկաստանի պատմության մեջ հայտնի հայերին և նրանց կատարած աշխատանքը, որից հետո Կենտրոնը նվիրեց հայկական հուշանվերներ՝ դպրոցում բացվելիք հայկական անկյունի համար: Իսկ ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսյանը դպրոցին նվիրեց ծովանկարիչ Ի.Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» հայտնի նկարի վերարտադրությունը, իսկ դպրոցի գրադարանին՝ Վիլյամ Սարոյանի պատմվածքները և հայ-հնդկական կապերի մասին գրքերը:
Միջոցառումից հետո սկայպով կապ հաստատվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի և Սփրինգդեյլս դպրոցի միջև: Երկու երկրների աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին զրույցին: Ի դեպ, շուտով դպրոցները կդառնան քույր-դպրոցներ, ինչի արդյունքում կիրականացվեն փոխադարձ ճանաչողական ծրագրեր նրանց միջև:
Նաիրա Ս. Մկրտչյան
Նյու Դելի