Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդես կգա հատուկ ուղերձով` անդրադառնալով վերջին շաբաթներին երկրի տարածքում ծավալված բողոքի ակցիաներին, հաղորդում է «Ազատությունը»:
«Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչների հետ` քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը», - նշել է կառավարության խոսնակ Բենժամեն Գրիվուն:
Բռնություններով ուղեկցված հերթական ցույցերը տեղի ունեցան շաբաթ օրը: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ ողջ երկրի կտրվածքով շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 125 հազար մարդ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 1700 մարդու:
Բողոքի գործողությունների մասնակիցները պահանջում են չեղարկել նախագահ Մակրոնի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին: