Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից: 6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր և Սահմանադրության պահանջի համաձայն՝ ապահովում էր 30% ընդդիմությունը: Նվազագույն 101-ին գումարվել էր 4 մանդատ՝ ազգային փոքրամասնությունների մանդատները, գրում է Tert.am-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ինչից ելնելով, ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ ԱԺ-ում բավարար չափով ընդդիմությունն ապահովելու համար:
Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ. կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին:
Այսինքն՝ «Իմ քայլի» 884 849 ձայնը բազմապատկվում է 101-ով և բաժանվում 1 մլն 68 հզր 697-ի և ստացվում է 83,6, հետևաբար «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ: Նույն կերպ հաշվարկվում են նաև նվազագույն շեմը հաղթահարած ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մանդատները:
Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 84 մանդատ, ԲՀԿ-ն՝ 10 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»-ը՝ 7 մանդատ, իսկ այդ կերպ ԱԺ-ում 1/3 ընդդիմությունը չի ապահովվի:
ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով: