Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀԿ-ի մահը գուժողները չարաչար սխալվել են և Փաշինյանին խոսք ուղղեց. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։
Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։ Իսկ պայքարը շարունակելու են որպես արտախորհրդարանական ընդդիմություն։
«Շնորհակալ ենք այդ բոլոր քաղաքացիներին, ովքեր օտար ճնշումների ու ատելության սպառնալիքի պայմաններում չեն վախեցել ու ձայն են տվել ՀՀԿ-ին», - նկատել է նա։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու իրենց քաղաքական պայքարը, Շարմազանովը պատախանել է. «Այդ պայքարն արտահայտվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն քրիստոնեական արժեքների, հանուն Արցախի»։