Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն արձանագրվել, դրանք լավ կազմակերպված են եղել և անցել են մարդու իրավունքների հարգման միջավայրում։ Միաժամանակ, դիտորդներն արձանագրում են ատելության խոսքի առկայությունն առցանց հարթակներում։ Այս մասին ասված է ընտրությունների հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին, հրապարակված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ զեկույցում: «ՀՀ ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններն անցել են մարդու հիմնարար իրավունքների հարգանքով և վայելել են հանրային լայն վստահություն, որն անհրաժեշտ է պահպանել ընտրական օրենսգրքում հետագա բարեփոխումներ իրականացնելու միջոցով»,- ասված է զեկույցում։
Քարոզարշավի ընթացքը նույնպես դրական գնահատական է ստացել, ընդգծվում է դրա կարճ լինելը, և որոշ ուժերի կողմից ժամանակից շուտ քարոզչություն մեկնարկելը։ «Բաց քաղաքական բանավեճը, այդ թվում՝ մեդիայում, նպաստել է ակտիվ քարոզարշավին, միաժամանակ մտահոգության տեղիք է տալիս առցանց հարթակներում ատելության խոսքը»,- ասված է զեկույցում։ Նաև ընդգծվում է ընդհանուր առմամբ ընտրախախտումների բացակայությունը՝ այդ թվում ձայների վաճառքն ու ճնշումը ընտրողների վրա։ Որպես թերություն նշվում է՝ քարոզարշավի ֆինանսավորման կարգավորիչների, հաշվետվողականության և թափանցիկության պակասը։
«Չնայած սուղ ժամկետներին՝ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ՝ բոլոր փուլերում»,- նշվում է եզրակացության մեջ։
Եթե համեմատական անցկացնենք 2017թ․ ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների գնահատականի հետ, ապա ակնհայտ է դրական փոփոխությունը։ 2017թ․ զեկույցում նշվել է․ «ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների, քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը: Ընդհանուր առմամբ ընտրության օրը հանգիստ էր և խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:
Համեմատությունից ակնհայտ է դառնում զգալի առաջընթացն ընտրությունների հանդեպ հանրության վստահության աճի և ընտրակաշառքների բացառման հարցերում։ Ընտրություններն այս անգամ նաև ավելի լավ են կազմակերպված եղել։ Դրա հետ մեկտեղ խնդիր է առաջացել ի դեմս քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի դրսևորման։ Բացի այդ, պահպանվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությունը։