Փաշինյանի համար խնդիր է նաև «կադրային քաղցը» ու իր թիմում փորձառու պրոֆեսիոնալների բացակայությունը: Նման դիտարկում է արել միջազգային լրատվամիջոցներից The Insider-ը՝ անդրադառնալով դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Փաշինյանը նախևառաջ պետք է երկրում բարելավի սոցիալ-տնտեսական դրությունը: Եվ եթե նախկինում առաջընթացի բացակայությունը հնարավոր էր պատճառաբանել ԱԺ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու, բավականաչափ լծակներ չունենալու փաստով, ապա այսուհետ ներդրումների բացակայության, նոր աշխատատեղերի չստեղծման մեղքն այլևս չի ստացվի հին իշխանությունների վրա բարդել»,-մեջբերում է պարբերականի հրապարակումը Tert.am-ը::
Նշվում է, որ տնտեսական աճի ապահովման համար, երկրին անհրաժեշտ են «ցավոտ» բարեփոխումներ, որոնք, ուզած, թե չուզած, վատ կանդրադառնան Փաշինյանի վարկանիշի վրա:
The Insider-ը գրում է, որ միայն ժամանակը ցույց կտա՝ պատրաստ է հեղափոխության՝ պոպուլիստական հայտարարությունների սիրահար առաջնորդը «ոչ պոպուլիստական» քայլերի, թե նախընտրում է նախկին իշխանությունների օրինակով «պահածոյացնել» խնդիրները՝ հետաձգելով դրանց լուծումը:
«Փաշինյանի համար խնդիր է նաև «կադրային քաղցը» ու իր թիմում փորձառու պրոֆեսիոնալների բացակայությունը: Նա ստիպված կլինի այս հարցը լուծել՝ հին իշխանության կադրերին իր մոտ բերելով, ինչն էլ կառաջացնի հեղափոխական աջակիցների դժգոհությունը»,- կանխատեսում է աղբյուրը: