Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել, հայտնում է Ermenihaber-ը:
Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Ըստ քրդամետ կուսակցության պատգամավորի տվյալների՝ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են:
«Մեր իշխանությունները որևէ միջոց չեն ձեռնարկում այս ատոմակայանի հարցում, որը մեր երկրին սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը:
Կառավարությունը պետք է որոշում կայացնի և քայլեր կատարի Մեծամորի ատոմակայանը փակել տալու ուղղությամբ, որը հասարակության, մարդկանց առողջության բնապահպանության համար մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Էքսիքը:
Նրա առաջարկում նաև ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արևելյան և հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ: