Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:
Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության Facebook-ի էջից:
Հայաստանի մշտական ներկայացուցչությունը խնդրում է հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:
Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նշվում է նաև, որ նոր տեղեկատվության առկայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ: