Մեծ Բրիտանիայի վարչապետ և իշխող Պահպանողական կուսակցության նախագահ Թերեզա Մեյը կարողացավ պահպանել իր պաշտոնները, փոխանցում է Euronews-ը:
Նա խորհրդարանում քվեարկության ժամանակ ստացել է պահպանողական պատգամավորների մեծամասնության աջակցությունը և կպահպանի վարչապետի պաշտոնը: Այդ մասին գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտարարել է Պահպանողական խմբակցության ղեկավար Գրեմ Բրեյդին:
Նա նշել է, որ Թերեզա Մեյին Պահպանողական կուսակցությունից վստահության քվե է տվել 200 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 117-ը:
Իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու համար Թերեզա Մեյին անհրաժեշտ էր քվեարկողների կեսից ավելիի քվեն գումարած մեկ ձայն:
Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարց առաջացել էր այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցության 48 պատգամավոր իրենց դժգոհությունն էին հայտնել Մեյի՝ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ վատ բանակցություններ վարելու համար: