Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել և 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով, փոխանցում է News.am-ը:
Հարցը ներկայացրել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է 112 ուսանողի, որոնք ունեն 2 և ավելի անչափահաս երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում, բացի այդ շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել են մարտական հերթապահություն, հատկացնել 20 տոկոս զեղչ:
«Պարզաբանման համար նշեմ, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ տրամադրում է բոլոր այն ուսանողներին, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, և 30 տոկոս տրամադրում են այդ օրերին մարտական հերթապահություն իրականացրածներին: Հիմա մենք այս 20 տոկոսն ավելացնում ենք, որ այդ 30 տոկոսն էլ 50 դառնա»,-ասել է Արայիկ Հարությունյանը: