Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, դեռևս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, փոխանցում է News.am-ը:
Նա վստահեցնում է՝ այն, որ դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերկարաձգվի, մինչև բանակցություններն ավարտվեն, քանի որ դրանք ծանր և ժամանակ պահանջող բանակցություններ են։
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել։
Դիտարկմանը, որ գազը Սմոլենսկի մարզում 1000 խմ-ի դիմաց 70 դոլար է, Բելառուսի պարագայում՝ 130 դոլար, իսկ Հայաստանի սահմանին՝ 150 դոլար, սա մրցակցության անհավասար պայմաններ չեն արդյոք, նա պատասխանել է. «ԵՏՄ–ում քննարկվում է գազամատակարարման ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, որտեղ լինելու են ոչ խտրական մոտեցումներ այդ շուկայի մասնակիցների միջև։ Պետք է հաշվի առնենք, որ ի տարբերություն Սմոլենսկի, Հայաստանի դեպքում ունենք տարանցիկ երկիր և պետք է վճարվի տարանցման գին»։