ՀՀ ոստիկանությունից արձագանքել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությանը, ըստ որի զգուշության կոչ է արվել տոնական օրերին մեր երկիր այցելող ԱՄՆ քաղաքացիներին, հայտնում է News.am-ը:
«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակն անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,-ասված է պարզաբանման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ այդ ընթացքում հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»:
Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:
«Տոների ժամանակ նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված:
Ծայրահեղականները շարունակում են զբոսաշրջային վայրերում կենտրոնանալ, ինչպիսիք են՝ առևտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները և այլ խոցելի վայրերը, որոնք հաճախ են Արևմուտքի բնակիչներն այցելում», - նշվում է հայտարարությունում: