Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն աջակցություն է հայտնել Բելառուսի Անվտանգության Խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Սանկտ-Պետերբուրգում երկրների ղակավարները որոշում են կայացրել աջակցել Ձեր թեկնածությունը, որն առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք հանդիպումներ անցկացնել Կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ։ Եղել եք Բիշկեկում։ Ինչպես հայտնի է, այժմ Ղրղզստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Համոզված եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը։
Նա համոզվածություն է հայտնել, որ Զասն օժտված է բոլոր անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ «Դուք զինվորական եք և ունեք համապատասխան կրթություն։ Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, Անվտանգության խորհրդում։ Ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և քննարկումների։ Մենք կաջակցենք Ձեզ»,- ասել է Ղազախստանի նախագահը։