Եվրամիությունը երեկ hրաժարվեց վերսկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բանակցությունները: Սակայն Brexit-ի շուրջ ԵՄ գագաթաժողովի՝ դկտեմբերի 13-ի հայտարարությունում ընդգծվում է, որ ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ «սերտ» հարաբերություններ հաստատել Brexit-ից հետո: Նշվում է նաև, որ ԵՄ ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիությունից դուրս գալուց հետո գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու երաշխիքներ են տվել և որ նրանք ձգտելու են նոր համաձայնագիր կնքել Մեծ Բրիտանիայի հետ մինչև 2021թ.:
Թերեզա Մեյը դեկտեմբերի 13-ին մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթաժողովին և խնդրելու լրացուցիչ իրավական և քաղաքական երաշխիքներ Եվրամիությունից, որպեսզի կարողանա համոզել ինչպես քաղաքական հակառակորդներին, այնպես էլ սեփական թիմակիցներին ու ստանալ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վավերացումը խորհրդարանի կողմից:
Անցնող շաբաթը Մեծ Բրիտանիայի վարչապետի համար լի էր վայրիվերումներով: Երկուշաբթի նա անորոշ ժամկետով հետաձգեց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի՝ Համայանքների պալատում դեկտեմբերի 11-ին կայանալիք քվեարկությունը, որից անմիջապես հետո մեկնեց եվրոպական «շրջագայության»` փորձելով պայմանավորվածություններ ձեռք բերել ԵՄ ղեկավարների հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ բանակցությունները վերսկսելու, պայմանները վերանայելու և Հյուսիսային Իռլանդիայի հարցում որոշակի երաշխիքներ ստանալու նպատակով: Մեյը ստացավ ԵՄ-ի մերժումը:
«Մենք չենք պատրաստվում կրկին փոխել համաձայնագիրը, այն ԵՄ 27 անդամ երկրների միասնական դիրքորոշումն է», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին նշել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Եվ մինչ Թերեզա Մեյը շտապ բանակցություններ էր վարում Եվրամիությունում, Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության իր գործընկերներից 48-ը ստորագրություններ հավաքեցին`նախաձեռնելով կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկություն:
Թերեզա Մեյի կուսակիցների կողմից նախաձեռնած անվստահության կամ իմփիչմենթի քվեարկությունն անցկացվեց դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան: Համայնքների պալատում մի քանի ժամ տևած դեբատների արդյունքում Թերեզա Մեյը կարողացավ պահպանել Միացյալ Թագավորության վարչապետի և միաժամանակ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները` ստանալով Պահպանողական կուսակցությունը ներկայացնող պատգամավորների մեծամասնության աջակցությունը (կողմ`200 պատգամավոր, դեմ` 117):
Անվստահություն հայտնելու հարց առաջացել էր այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցության շատ պատգամավորներ իրենց դժգոհությունն էին հայտնել Թերեզա Մեյի՝ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ վատ բանակցություններ վարելու կապակցությամբ:
Հաղթահարելով սեփական կուսակիցների կողմից նախաձեռնած անվստահության քվեարկությունը` Մեյը կարողացավ առաջիկա մեկ տարվա ընթացքում ապահովագրել իրեն պաշտոնանկ անելու նման փորձերից, քանի որ օրենքով չի կարելի նախաձեռնել նոր անվստահության քվեարկություն 12 ամսվա ընթացքում: Այս համատեքստում կյանքի իրավունք ունի այն վարկածը, ըստ որի Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլանավորված էին կազմակերպել այս անվստահության քվեարկությունը` փորձելով վերացնել դա նախաձեռնելու քաղաքական հակառակորդների հնարավորությունները (որի արդյունքները, բնականաբար, կարող էին ճակատագրական դառնալ Մեյի և իշխող կուսակցության համար) և ինչ-որ առումով ստեղծելով այս հարցում ազատ գործելու հնարավորություն:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 10-ին Արդարադատության եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը թույլ Է տալիս միակողմանի կարգով հետ կանչել Մեծ Բրիտանիայի` Եվրոպական Միությունից դուրս գալու մասին ծանուցումը` նշելով, որ այդ հնարավորությունը պահպանվում Է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես կնքված չԷ դուրս գալու մասին համաձայնագիրը:
Այսպիսով, կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիան «եռում» է Brexit-ի «կաթսայում», Brexit-ն այսօր ամենաակտուալ խնդիրն է, որով մտահոգված են բոլորը` շարքային քաղաքացուց մինչև քաղաքական էլիտա: Քաղաքական դաշտում լարվածությունը բավականին բարձր է: Բարձր է նաև հավանականությունը, որ Brexit-ի համաձայնագիրը չի ստանա Համայնքների պալատում խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը, ինչն էլ պատճառ դարձավ այն հետաձգելու համար: Հնչում են տարբեր մեղադրանքներ այս հարցում իշխանությունների վարած քաղաքականության, ընդհանրապես՝ Brexit-ի սխալ լինելու, երկրորդ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, հանրության շրջանում հնչում են Brexit-ի գործընթացը կանգնեցնելու և Եվրամիության կազմում մնալու կոչեր:
Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չպետք է դիտել Արդարադատության եվրոպական դատարանի` ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ծանուցումը միակողմանիորեն հետ կանչելու թույլատրելի լինելու մասին որոշումը: Այս որոշակի մեսիջ պարունակող որոշումը, ինչպես նաև Եվրամիության կոշտ դիրքորոշումը հուշում են Brexit-ի գործընթացը հետ շրջելու տարբերակի բացառված չլինելու հնարավորությունը: