Ֆորդո միջուկային օբյեկտում Իրանի կողմից մինչև 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացը վերականգնելն ամենևին բլեֆ չէ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աքբար Սալեհին, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով, չնայած Իրանը համաձայնվել է իր միջուկային ծրագիրը սահմանափակել 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակում, նման սահմանափակումները չեն խոչընդոտում միջուկային արդյունաբերության խաղաղ գործունեությանը: «Ներկայումս մենք Ֆորդոյում 1044 ցենտրիֆուգ ունենք, և եթե ցանկանանք, ապա կվերականգնենք ուրանի 20-տոկոսանոց հարստացումը»,- ասել է նա:
Սալեհին հույս է հայտնել, որ միջուկային համաձայնագրի մյուս մասնակիցները կկատարեն իրենց պարտավորությունները և կլրացնեն այն բացը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանագրից միակողմանի դուրս գալուց հետո:
Հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի իր պարտավորությունները կրճատել: «Ցանկանում եմ ընդգծել, որ սա բլեֆ չէ: Ես ևս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք կարող ենք վերադառնալ ուրանի 20-տոկոսանոց հարստացմանը և ցանկացած մակարդակում բավարարել երկրի պահանջմունքները»,- ասել է Սալեհին: