Ամանորը սիրում և անհամբերությամբ սպասում են գրեթե բոլորը: Այն տարվա ամենաուրախ տոներից է, որի խորհուրդը հին տարին ճանապարհելն ու նոր տարին նոր հույսերով դիմավորելն է: Ամբողջ աշխարհում Ամանորի նախապատրաստության գլխավոր մասը տոնական սեղանի համար կերակրատեսակների պատրաստումն է` առանց համեղ ճաշատեսակների անհնար է այն պատկերացնելը: Ուստի` փորձենք պարզել, թե ինչ կերակարատեսակներ պետք է պատրաստել և ինչպես պետք է ձևավորել 2019-ի ամանորյա սեղանը:
Նշենք, որ 2019 թվականը Դեղին հողե խոզի տարի է: Խոզի տարում Ամանորի սեղանին ցանկալի է լինեն հիմնականում բանջարեղենով և ձավարեղենով պատրաստված ուտեստներ, ինչպես նաև պանրի տարբեր տեսականի: Սակայն սա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել մսով պատրաստված կերակրատեսակներից: 2019թ.-ի ամանորյա ճաշացանկում կարելի է ներառել ցանկացած տեսակի միս, բացառությամբ տարվա խորհրդանիշ խոզուկից (սակայն հարկ է նշել, որ դա կապվում է սնահավատության հետ):
Քանի որ խոզուկը «հասարակ» կենդանի է, ապա ճաշատեսակները նույնպես պետք է հասարակ լինեն: Ավելի լավ է հրաժարվել էկզոտիկ աղցաններից և պատրաստել բանջարեղենային պարզ աղցաններ: Ինչ վերաբերում է աղանդերին, ապա պետք է նախապատվությունը տալ խնձորով կարկանդակին, ընկույզով շոկոլադե կոնֆետներին և մրգային կեքսերին: Չնայած նրան, որ խոզուկը ուտել շատ է սիրում, այնուամենայնիվ, տոնական սեղանը չպետք է ծանրաբեռնել բարձր կալորիականությամբ սննդամթերքներով: Սակայն դա չի նշանակում, որ կերակրատեսակների քանակը քիչ պետք է լինի. չպետք է մոռանալ, որ խոզը առատություն է սիրում:
Ինչ վերաբերում է սեղանի ձևավորմանը, ապա դեղին ու ոսկեզօծ ժապավեններն ամենաճիշտ զարդարանքը կլինեն, քանի որ խորհրդանշում են տարվա գույնը: Տոնական սփռոցը, սպասքն ու անձեռոցիկները կարող եք ընտրել այս գույներից մեկի գունային համադրությամբ: Նախընտրելի է` մրգերը նույնպես դեղին երանգի լինեն` բանան, կիտրոն, խնձոր, տանձ: Իսկ ոսկեզօծ մոմերն էլ ավելի տոնական տեսք կտան ամանօրյա սեղանին…