Այսօրվանից՝ դեկտեմբերի 17-ից, Երևանում վաճառքի է հանվել նոր հայկական մանկական խոսող գիրք, որը բոլորովին թարմ շունչ է Հայաստանի գրքային ոլորտում: «Արդիբուք» կոչվող մանկական ինտերակտիվ գրքի հեղինակների խոսքով, գիրքը պատրաստվել է նորարարական տեխնոլոգիաներով, որոնք առաջին անգամ են կիրառվել Հայաստանում:
«Նմանատիպ գրքեր կարելի է տեսնել եվրոպական երկրներում, բայց ինձ համար կարևոր էր ստեղծել այս տեխնոլոգիայով աշխատող գրքեր Հայաստանում: Ընդ որում, մենք ոչ թե կրկնօրինակել ենք եվրոպական հրատարակությունը, այլ ստեղծել ենք լիովին նոր պրոդուկտ, որի բոլոր հեղինակները Հայաստանում հայտնի արվեստագետներ են»,- պատմում է նախագծի հեղինակ Պավել Կիրակոսյանը, որը բնակվում է Գերմանիայում:
«Արդիբուքը» պատկերազարդ գրքերի շարք է, որոնք աշխատում են հատուկ խելացի գրիչով: Գրիչի վրա տեղադրված սենսորները ճանաչում են պատկերները և խոսում նրանց ձայներով:
«Գիրքն օգտագործվում է գրիչի հետ միասին: Ընդ որում, գրիչ կամ, ինչպես մենք ենք ասում, «Արդիփեն» պետք է առնել ընդամենը մեկ անգամ և հետագայում դրանով կարդալ շարքի բոլոր գրքերը: Մեր կայքում ազատ ներբեռնման համար հասանելի կլինեն բոլոր գրքերի ֆայլերը»,- բացատրում է նախագծի խմբագիր Վահե Ղուկասյանը:
«Արդիբուք» շարքի առաջին գիրքը կենդանաբանական այգու մասին է: Նախագծի վրա աշխատել է մեծ պրոֆեսիոնալ թիմ: Գրքի նկարազարդումները, մասնավորապես, արել է նկարիչ Լիլիթ Մանարյանը, իսկ երաժշտության հեղինակը Քրիստ Մանարյանն է: Գրքի հերոսների խոսքերը կարդում են Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը:
Դեկտեմբերի 24-ին նախագծի հեղինակները «Լոֆթում» պատրաստվում են «Արդիբուքի» շնորհանդես իրականացնել, որտեղ ավելի մանրամասն կպատմեն նախագծի մասին: