Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անիի ավերակները ձյան առատ տեղումներից հետո հայտնվել են լրատվամիջոցների ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ երբեմնի Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքն անվանելով «քաղաքակրթությունների օրրան», հայտնում է Tert.am-ը:
Հոդվածի հեղինակներն, անդրադառնալով տաճարի ու Անի քաղաքի պատմությանը, նշել են, որ պատմական այս տարածքում իշխել են «21 քաղաքակրթություններ»՝ Սասանյան Պարսկաստանից, բյուզանդացիներից ու վրաց իշխաններից մինչև թուրք սելջուկներ, օսմաններ ու Ցարական Ռուսաստան: Թուրքական լրատվամիջոցը նաև առաջին անգամ նշել է Անիի հայկական անցյալի մասին՝ կարճ մեջբերում կատարելով Բագրատունյաց թագավորական տոհմի մասին:
Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության՝ Կարսի նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը նշել է, որ Անիի ավերակներ ավելի շատ այցելում են տեղացի զբոսաշրջիկներ Թուրքիայի տարբեր քաղաքներից, ի զարմանս շատերի՝ ձմռանը այցելուների թիվը ոչ թե նվազում, այլ աճում է:
«Ձմռանն Անին առանձնահատուկ գեղեցիկ է: Կարծես հարսի զգեստ հագած լինի: Անիի կառույցների քարն առանձնահատուկ կարմիր գույն ունի, և երբ ձյուն է տեղում՝ ավերակները նմանվում են իր ճերմակ զգեստը հագած հարսնացուի», - նշել է Դողանայը: