Լաբորատորիաները Հայաստանինն են և այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա. ՀՀ ԱԳՆ

15:04     18 դեկտեմբերի, 2018

Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում,  Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը:

«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը,  ասել էր. «Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»:


© armedia.am