Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը քաջություն կգտնի դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժներին և ճնշմանը, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Երևան: Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության գործընթացը, Բոլթոնը նշել է, որ ամերիկյան «զենքն ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»:
«Այս տարի երկրում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնի վրա, Վաշինգտոնի միջամտությունը ներքին և արտաքին հարցերում ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում», - ասել է Կարասինը:
Դիվանագետի կարծիքով, Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանել է «պատմական կլիշե», ինչպես նաև պատվիրել է Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:
«Եթե դա հայ-ամերիկյան հարաբերությունների հանրայնացված կողմն է, ապա մենք կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ ճնշումներ են գործադրվում կուլիսների հետևում», - նշել է Կարասինը:
«Հուսով ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ստացել է խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատը, կգտնի խիզախություն դիմակայելու արտաքին շանտաժին և ճնշմանը, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքն` ազգային շահերին համապատասխան », - ասել է փոխնախարարը: