Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին, փոխանցում է RTBF հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նշում է, որ Բելգիայի թագավորը կարող է ինչպես ընդունել, այնպես էլ մերժել վարչապետի հրաժարականը:
Ավելի վաղ խորհրդարանական երկու ֆրակցիաները քննարկման էին ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, իսկ նախորդ շաբաթ կառավարության 5 անդամներ, ովքեր ներկայացնում են ֆլամանդրացի ազգայնականներին, ի նշան բողոքի վարչապետի կողմից ՄԱԿ միգրացիոն պակտը ստորագրելուն, հայտարարել էին իրենց հրաժարականի մասին, ինչի արդյունքում իշխող կոալիցիան մնացել էր փոքրամասնությունում: