Դերսիմահայերը Ստամբուլում նշել են Կաղանդը

16:19     19 դեկտեմբերի, 2018

Ստամբուլում  գործող Դերսիմի ուսումնասիրությունների կենտրոնի` Թաքսիմ հրապարակում գտնվող շենքում կենտրոնի անդամների կողմից կազմակերպվել է Կաղանդին նվիրված տոնակատարություն: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Pirha.net կայքէջը:

Աղբյուրի փոխանցմամբ` տոնակատարության շրջանակներում համտեսվել է Դերսիմի Բերդակ գավառի ջրաղացում աղացած 150 տարվա ցորենի այլուրով պատրաստված մի ճաշատեսակ:

Տոնակատարության ընթացքում ելույթ է ունեցել կազմակերպության անդամ Սոնգյուլ Յալչընը, ով մասնավորապես նշել է. «Մենք` դերսիմցիներս, այստեղ նշում ենք Կաղանդը, որը նշանակում է հրաժեշտ տալ նախորդ տարվան և Նոր տարին դիմավորել երջանիկ, առողջ և խաղաղ հոգով»:

Ելույթ է ունեցել նաև արվեստի գործիչ Դողան Չելիքը, ով ասել է. «Դերսիմում Կաղանդը նշանակում է իրավունք և ճշմարտություն, քանզի Ամանորին ընկերներն ու հարևաններն այցելում են միմյանց»:

 


© armedia.am