Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,- ասել է Նաղդալյանը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը:Լավրովի կարծիքով` դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։