ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը պարզաբանում է տարածել մամուլում ռուսական գազի սակագնի, ՌԴ փոխվարչապետի կողմից ստացված նամակի վերաբերյալ:
«Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը.
• Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
• ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,-ասված է գրառման մեջ, գրում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀկառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: