Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով: Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի և քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ:
Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն՝ իր երկու դուստրերի հետ: «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշել է Աննա Հակոբյանը:
Նա վստահություն է հայտնել, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:
Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր: