Սուրբ ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր տոներից է, որը նշվում է շուրջ երկու հազարամյակ: Այն կարևոր տոն է համարվում աշխարհի մոտ 145 երկրներում, սակայն յուրաքանչյուր երկիր տոնի հետ կապված ունի իր ավանդույթները:
Օրինակ` Արգենտինայում Սուրբ ծնունդն ամերիկյան և եվրոպական ավանդույթների խառնուրդ է: Ձմեռ պապի գուլպաներ և կարմիր ու սպիտակ ծաղիկներ կարելի է գտնել գրեթե բոլոր բնակարաններում:
Ավանդույթ է նաև տոնածառի տակ բամբակ դնելը, ինչն էլ ձյան խորհրդանիշ է համարվում: Այստեղ եղևնուց բացի ցանկացած ծառ կարող է զարդարվել որպես տոնածառ: Հատկանշական է այն, որ ընտանեկան հավաքույթները տեղի են ունենում ոչ թե Սուրբ ծննդյան օրը, այլ տոնի նախօրեին:
Ամենաերկար Սուրբ ծնունդը նշվում է Շվեդիայում. տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին և ավարտվում հունվարի 13-ին: Այստեղ տոնական օրերին երեխաներին հյուր է գալիս ոչ թե Ձմեռ պապն, այլ սուրբծննդյան թզուկը, որն, ըստ հավատալիքների, ապրում է յուրաքանչյուր տան նկուղում:
Ֆրանսիայում Սուրբ ծննդին տները զարդարում են սուրբծննդյան օրորոցներով: Ֆրանսիացիները ողջ գիշեր վառած են թողում մոմերը, իսկ մուտքի մոտ սնունդ ու խմիչք են դնում` հավատալով, որ Մարիամն ու մանուկ Հիսուսը հնարավոր է անցնեն իրենց տան կողքով:
Նորվեգիայում Սուրբ ծննդյան նախօրեին կանայք թաքցնում են ավելները և մաքրության նմանատիպ պարագաները, իսկ տղամարդիկ սկսում են հրացաններով օդ կրակել: Հնուց պահպանված հավատալիքների համաձայն՝ այդ կերպ նրանք վանում են չար ոգիներին:
Պերուում, դեկտեմբերի 24-ը, որը հայտնի է «La Noche Buena» անվանումով (թարգմ. «Բարի գիշեր»), հանդիսանում է տոնակատարությունների հիմնական օրը: Պատարագից հետո մարդիկ տուն են գնում` տոնը նշելու: Ամենակարևոր զարդարանքը pesebre-ն է: Այն սուրբծննդյան տեսարաններով փայտից կամ քարից փորագրված սրբապատկեր է: Նվերները դնում են մսուրի շուրջը, այլ ոչ թե տոնածառի տակ, և ամենաերջանիկը համարվում է նա, ում բաժին է հասնում մանուկ Հիսուսի պատկերը:
Իսլանդիայում մարդիկ Սուրբ ծննդյան տոնին միմյանց հիմնականում գրքեր են նվիրում, ապա գիշերվա մնացած մասն անց են կացնում կարդալով ու շոկոլադ ուտելով: Այս ավանդույթը կոչվում է «Jolabokaflod», որը թարգմանաբար նշանակում է «Սուրբծննդյան գրքերի ջրհեղեղ»: Արդյունքում Իսլանդիան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ավելի շատ գիրք է հրատարակում և վաճառում, քան աշխարհի ցանկացած երկիր:
Ուկրաինայում տոնածառերը որոշ ընտանիքներ զարդարում են արհեստական սարդոստայնով: Լեգենդի համաձայն` մի աղքատ այրի գումար չի ունեցել տոնածառը զարդարելու համար: Սարդերը , տեսնելով վշտացած կնոջը ու նրա լացող երեխային, գիշերը, երբ նրանք քնած են լինում, արծաթով ու ոսկով են զարդարում ծառը: Դրանից հետո աղքատ ընտանիքը հարստանալով այլևս երբեք ֆինանսական խնդիրներ չի ունենում: Այսպիսով, սարդոստայնով ծածկված ծառը խորհրդանշում է, որ հաջորդ տարին բարգավաճման տարի կլինի:
Հնդկաստանում Սուրբ ծնունդը տոնում է ավելի քան 25 միլիոն մարդ: Հատկանշականն այն է, որ տարածաշրջանում եղևնիների և սոճիների պակասի պատճառով հնդիկները որպես տոնածառ օգտագործում են բանանի կամ մանգոյի ծառեր: