Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում քաղաքի նախկին էմիր և Էմիրությունների նախկին նախագահ շեյխ Զայդ իբն Սուլթանի պատվին ամեն տարի անցկացվում է պատմամշակութային ժառանգությանը նվիրված փառատոն:
Ինչպես նշում է arcakh24.info կայքը, այս տարի փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեսքով, որի ներսի և դրսի կողմերում կախված են եղել ազգային հագուստի, գորգերի, ճաշատեսակների և զարդերի նմուշները:
Նշենք, որ «Մե՛նք ենք մեր սարերը»‐ը հուշարձանը, որը շատերին հայտնի է «Պապիկ-տատիկ» անվանումով, տեղադրվել է 1967 թվականին: Արձանի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։