Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ''Новости Армения''-ն:
Այդ մասին նա հայտնեց Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:
Նրա խոսքով, այդ զրույցների թեման Հայաստանին մատակարարվող գազի գինն է եղել: «Ըստ էության, եկել ենք լուծման առնվազն առաջիկա, տեսանելի ապագայի համար»: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը: «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները պետք է վերանայեն գազի գինը, և դրանում որոշակի փոփոխություն, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու:
«Բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ, սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը հատուկ նշեց, որ որոշեց հայտնել այս մասին` հաշվի առնելով առաջիկա վերլուծությունները մամուլում, որ ոմանք ասելու են. «Ահա, այս լուծման պատճառով պարտք ենք կուտակելու և այ պարտքի հետևանքով կրկին որոշակի ակտիվներ պետք է փոխանցենք Ռուսաստանին: Ուզում եմ ասել, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում: Առաջին օղակում փոփոխություն տեղի կունենա, երկրորդ օղակում փոփոխություն չի ունենա: Առաջիկա ժամանակհատվածի համար կֆիքսվի այս վիճակը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք, քանի որ գազի թեման մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն ինչ անում ենք, որ սպառողի համար հավելյալ պրոբլեմներ չստեղծենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև ավելացրեց, որ ուրախ է` այս փուլում այսպիսի լուծման գալու համար, ընդգծելով, որ հեռախոսազրույցում քննարկվել է միայն գազի գինն ու գնագոյացումը, այլ թեմաներ չեն քննարկվել: