Anonymous-ի ցանցահենները փաստաթղթերի նոր շարք են հրապարակել Հայաստանում բրիտանական Integrity Initiative պետծրագրի գործունեության մասին, ներառյալ հրապարակումների ժամանակացույցը, շփումների ցանկը, ոչ լոյալ լրագրողների ցուցակը, վճարային փաստաթղթերը, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին։ Ցանցահենները հրապարակել են նոր փաստաթղթեր եւ վճարային հաշիվներ, որոնք նրանք անվանել են բրիտանացի հարկատուների հաշվին Integrity Initiative-ի կողմից Լեյբորիստական կուսակցության եւ նրա առաջնորդի, RT հեռուստաալիքի գործունեության, ինչպես նաեւ Ռուսաստանի հարեւան երկրներում Լոնդոնի աշխատանքի վերլուծության վկայություններ։ Փաստաթղթերում խոսքը, մասնավորապես, վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրներում տիրող իրավիճակի, Սոլսբերիի միջադեպի եւ Մերձավոր Արեւելքի (ներառյալ Սիրիան) իրավիճակի լուսաբանմանը։ Բրիտանական ԱԳՆ-ն արդեն ստույգ է համարել Anonymous-ի ավելի վաղ հրապարակված փաստաթղթերը ԵՄ երկրների գործերին միջամտության եւ Ռուսաստանի դեմ թիրախավորված տեղեկատվական պատերազմի մասին։ Փաստաթղթերի մեջ են զեկուցումներ RT-ի աշխատանքի մասին եւ վճարային հաշիվներ, որոնք մի քանի օր անց տրամադրվել են Intergity Initiative-ին նման աշխատանքի համար։ Ցանցահենների հրապարակած փաստաթղթերը ներառում են տարածաշրջանում 2016թ. «Պետական կառավարման ինստիտուտի» գործողությունների ինքնատիպ ժամանակացույցը՝ ԶԼՄ-ում Ռուսաստանի ազդեցության եւ «աշխարհում նրա բացասական դերի» մասին հրապարակումների ցուցակով, ինչպես նաեւ ոմն Էդուարդ Աբրահամյանի գիտական հոդվածը («Մոսկվան զգուշանում է, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» կարող է թուլացնել իր ազդեցությունը Երեւանում» վերնագրով) Հայաստանում բողոքների վերաբերյալ։ Կցված է նաեւ փաստաթուղթ այդ նույն հետազոտողի անունով կատարված վճարի (265 ֆունտ) մասին, որը մի ինչ-որ «լսարանի» տեղեկացրել էր Հայաստանում ներքին եւ արտաքին ընթացիկ իրավիճակի մասին։ «Պետական կառավարման ինստիտուտի» ձեռքբերումների ցուցակում նշված է նաեւ ութ բողոք՝ ուղղված բրիտանական Ofcom մեդիա-կարգավորիչին առ այն, որ «RT-ն անկարող է ապահովել պատշաճ անաչառություն»՝ պաշտոնական հետաքննություն սկսելու խնդրանքով։ Եվս մեկ փաստաթուղթ պարունակում է հաշվետվություն Հայաստանում բողոքների լուսաբանման մասին, որտեղ ցույց է տրված, որ նախագծի աշխատողները շետադրել են «Ռուսաստանի բացասական դերը», ընդ որում՝ հրապարակումների մեկնաբանություններում կշտամբվում են այն լրագրողները, ովքեր բողոքները լուսաբանելիս ռուսամետ դիրքորոշում են ունեցել։ «Ներկայացված է նաեւ Հայաստանում «ակտիվիստների» ցուցակը, որոնք առաջ են մղում Ռուսաստանի շահերը, քարոզում են Ռուսաստանի «պաշտոնական դիրքորոշումը եւ մտադրությունները՝ միաժամանակ ներկայանալով որպես «վերլուծաբաններ», «փորձագետներ», «քաղաքագետներ»,- գրում է պարբերականը։ 2018թ. նոյեմբերին ցանցահեններն առաջին անգամ հրապարակեցին փաստաթղթեր «Պետական կառավարման ինստիտուտի» Integrity Initiative նախագծի գործունեության մասին, որը Մեծ Բրիտանիան, ըստ նրանց, կարող էր օգտագործել եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու եւ Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի համար։ Anonymous-ի տվյալներով՝ ինստիտուտի ծրագիրը չի թարմացվել 2017 թվականից, տեղեկատվությունը նրա աշխատակիցների եւ կոնտակտային տվյալների մասին բացակայում է, իսկ առցանց հրապարակումների ծրագրային կոդը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք կատարվում են ավտոմատ ռեժիմով։