Կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու համայնքին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության կապակցությամբ: Այս հայտնում է Sputnik-Գրուզիա-ն` հղում կատարելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը:
Վրաստանի նախագահը մաղթել է բարեկացություն ու երջանկություն, և նշել է, որ հայ ու վրաց ազգերի բազմադարյան ընկերությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:
Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից միակն է, որը նշում է Սուրբ Ծննդյան տոնը Մկրտության հետ միաժամանակ հունվարի 6-ին «Հայտնություն» անվամբ:
Արևելյան և Արևմտյան Եկեղեցիներում մինչև IV դարը Սուրբ Ծնունդը Մկրտության տոնի հետ միասին նշում էին հունվարի 6-ին:
Սակայն նույնիսկ քրիստոնեությունն ընդունելուց հետո հեթանոսությունը չի զիջել իր դիրքերը: Դեկտեմբերի 25-ին մեծ խանդավառությամբ տոնվում էր արևի պաշտամունքի օրը: Հեթանոսական սովորույթները վերացնելու նպատակով IV դարում Սուրբ Ծնունդը Մկրտության տոնից առանձնացրել են և տեղափոխել դեկտեմբերի 25-ին:
Այդ ժամանակից ի վեր՝ քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, այդ թվում նաև ուղղափառ եկեղեցին, սակայն հին ոճով, այսինքն՝ հունվարի 7-ին: