Ղազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը ոստիկանության շենքի մոտ հավաքված 200-230 մարդկանց հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հունվարի մեկին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն: Այս մասին հաղորդում է nur.kz կայքը:
Նահանգապետը նաև նշել է, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքն անձամբ Ղազախստանի գլխավոր դատախազի վերահսկողության տակ է գտնվում:
Նահանգապետարանից ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև ու ազգամիջյան բնույթ չի կրել:
Հայտնի է նաև, որ հունվարի 6-ին Կարագանդայի իշխանությունները հանդիպել են ծեծկռտուքի հետևանքով սպանվածի հարազատների հետ՝ ներկայացնելով քննության ընթացքի որոշ մանրամասներ: Իշխանությունները խոսք են տվել, որ գործընթացը կլինի թափանցիկ և օբյեկտիվ:
Ընդհանուր առմամբ, հարուցվել է երկու քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է ութ մարդ, որից յոթն արդեն կալանքի տակ է, մյուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը: Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ ևս, ով թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: