ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երեքշաբթի սկսվող Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ այցերը գլոբալ հակաիրանական կոալիցիա կազմելու Վաշինգտոնի ջանքերի մի մասն է:
«Այս ուղևորության տարրերից մեկն է կոալիցիա ստեղծելու ուղղությամբ ջանքերի շարունակությունը, որում կներառվեն Պարսից ծոցի երկրները, Իսրայելը, եվրոպական և ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են, որ աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավոր պետությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը»,- CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Պոմպեոն՝ Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման և Քուվեյթ այցերի նախօրեին:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի եվրոպական երկրներն ավելի կոշտ մոտեցում որդեգրեն Իրանի նկատմամբ:
«Ես կցանկանայի տեսնել, որ ամբողջ աշխարհը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի և Պարսից ծոցի, Իսրայելի ջանքերին: Դա կարևոր արշավ է, քանի որ իրանական ռեժիմի հեղափոխական բնույթը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,-ասել է Պոմպեոն: