ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվարին իրավիճակում է հայտնվել Պենտագոնի նոր ղեկավար նշանակելու գործում:
Ըստ Politico-ի` առնվազն երկու հոգի (նախկին հանրապետական սենատոր Ջոն Քայլը և թոշակառու գեներալ Ջեք Քինն) արդեն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտպանության նախարարի պաշտոնում Ջեյմս Մեթիսին փոխարինելու առաջարկը: Սակայն որոնք են նախագահին մերժելու պատճառները աղբյուրը չի հստակեցնում: Նշենք, որ և´ Քայլը, և´ Քինը հրաժարվել են հանդես գալ մեկնաբանությամբ: Սակայն տարաձայնությունները կապված են հիմնականում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հանգմանքի հետ:
Նշենք, որ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո:
«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,- նշել է Մեթիսը Թրամփին հասցեագրված նամակում:
Բացի այդ, Մեթիսը մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն, նշել էր, որ «ԱՄՆ-ն առավել վճռական պետք է լինի այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում երկրի շահերին»:
Նշենք, որ Մեթիսի կարծիքին է նաև Պենտագոնի ղեկավարի պաշտոնը մերժած թոշակառու գեներալ Ջեք Քինին: Վերջինս ավելի վաղ Սիրիայից զորքերի դուրսբերման Թրամփի որոշումից հետո սոցիալական ցանցերում գրել էր, որ ինքն այդ քայլը համարում է ռազմավարական սխալ:
Նա վստահություն է հայտնել, որ «այն բանից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը հաղթանակ տարավ Իրաքում, Օբաման խաղաղությունը կորցրեց ամերիկյան զորքերը այնտեղից դուրս բերելով, որի արդյունքում էլ «Իսլամական պետությունն» ի հայտ եկավ»:
Սակայն նշենք, որ Թրամփի խոսքով` «ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից արագընթաց տեմպերով չի իրականացվի»:
«Ես երբեք չեմ ասել, որ մենք այդ քայլն արագորեն ենք կատարելու: Մենք այժմ ոչնչացնում ենք «Իսլամական պետությանը», - ասել է Թրամփը:
Ավելին, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով` «ԱՄՆ-ն նախ պետք է Թուրքիայից քրդերի անվտանգության հստակ երաշխիքներ ստանա, որից հետո էլ դուրս կբերի զորքերը»:
Բացի այդ, նշենք նաև, որ տարաձայնություններ կան նաև Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ կապված:
CNN հեռուտաալիքի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման նախագիծ մշակել: Խոսքը՝ այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի գրեթե կեսի դուրսբերման մասին է: Ներկայում Աֆղանստանում կա ԱՄՆ-ի մոտ 14 հազար զինծառայող: Թրամփի կարծիքով` «իմաստ չունի այդքան ծախսեր կատարել նմանատիպ կոնֆլիկտների համար»:
Արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ նախագահի որդեգրած ռազմական գիծը պաշտպանություն չի գտնում հեղինակավոր զինվորականների կողմից, ովքեր նույնիսկ հրաժարվում են երկրի ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնելուց: Սակայն, ինչպես գիտենք, Թրամփը հաստատակամ է իր որոշումներում, և քիչ հավանական է, որ բացառություն կանի և կհրաժարվի իր այս որոշումից: