Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:
Հայ մեծ կինոռեժիսորը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:
«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:
Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:
«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:
Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:
Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով:
«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմեց Զավեն Սարգսյանը և հավելեց, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում:
...Հունվարի 9-ին, հենց Փարաջանովի ծննդյան օրը Սարգսյանը մի շարք արվեստագետների է հրավիրել ռեժիսորի երևանյան թանգարան՝ հիշելու և նշելու կինոռեժիսորի 95-ամյակը: Նրանք նաև այցելելու են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:
«Հիմնականում հրավիրված են այն մարդիկ, ովքեր ճանաչել են նրան, թանգարանի հետ կապեր ունեն, բայց կանչել եմ նաև ավելի երիտասարդ արվեստագետների, որպեսզի լինի այդ սերնդափոխությունը: Կարծում եմ, որ անպայման պետք է երիտասարդ սերնդին էլ փոխանցել Փարաջանովի մասին մեր գիտելիքները»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի հայ համայնքի անդամներին, ովքեր նույնպես բավականին հետաքրքրված են Փարաջանովի ստեղծագործական գործունեությամբ:
«Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում, որի ճամբարում երրորդ անգամ բանտարկված է եղել Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին նշելու են նրա ծնունդը, փակցնելու հուշատախտակ: Ալչևսկում նաև ապրում է մի մարդ, ով ազգությամբ թաթար է, կինն էլ ծնունդով Աղդամից է՝ ադրբեջանուհի, տեղի դպրոցում Սերգեյ Փարաջանովի անվան փոքրիկ թանգարան է ստեղծել»,- եզրափակեց Զավեն Սարգսյանը: