Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ հանդիպումից:
Նա նկատեց, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված:
«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերություն տրվելու է հայերին» ,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Նա նկատեց, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չհամարեց այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:
Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար: