Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջև Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն այս օրերին Հայաստանում է, հայտնում է Sport.News.am-ը:
Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանը նախօրեին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ամանորյա ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում պատմեց իր համարձակ քայլի պատճառների մասին և արժանացավ հատուկ մրցանակի: Սպարտակն էլ իր հերթին նվերներ հանձնեց ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանին: Ներկաները շատ ջերմ ընդունեցին նրան:
Ավելի վաղ ՖԱՖ-ի երկրպագուները Սպարտակին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Նա մոտ 20 տարի չէր եղել Հայաստանում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: «Ղարաբաղի» դեմ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում: