Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
Լապշինի խոսքով` դատարանը որոշում է կայացրել, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար:
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացրածս ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը:
Լապշինը գրառման մեջ նշել է նաև, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: