Թուրքիան պատրաստ է դիտարկել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրներ գնելու ԱՄՆ-ի առաջարկը, եթե թուրքական կողմին չփորձեն պարտադրել հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից: Այս մասին, թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք կարող ենք համաձայնության գալ Patriot-ի գնման հարցում, սակայն եթե C-400-ի հարցում պարտադրանք լինի՝ դա չի լինի», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` շեշտելով, որ ռուսական կողմի հետ Թուրքիան արդեն պայմանագիր ունի կնքած, և իրենք չեն կարող խախտել դա:
«Մենք Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրն արդարացնելու խնդիր չունենք: Մենք այժմ հակաօդային պաշտպանության համակարգի կարիք ունենք: Հետագայում կարող ենք նաև Patriot գնել: Թուրքիան այլևս պարտադրանքներ չընդունող երկիր է: Արդեն կա կնքված համաձայնություն, մենք մեր տված խոսքը երբեք չենք դրժում», - նշել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի կանոնակարգը չի արգելում կառույցի անդամ երկրին գնել իր ուզած ՀՕՊ համակարգը: